ՄԻԱԿ ԼԱՎ ԼՈՒՐԸ… ՍՈՉԻՆ Է
կարծես
քանոնով կտրած
երազե՛լ եմ
չասեմ թե չեմ երազել
բազմել գահի վրա ոսկեերիզ
ու որ ինձ կրեն ուսի վրա
չորս ծպտված սիրեցյալներ
կիսաստծո պես
որ բախվեն հանուն ինձ
առավոտյան
բանակներ ու փղեր հազարավոր
ու քնեմ հաղթողի հետ ամեն գիշեր
բայց սա երեկ էր
իսկ այսօր
սա է - սառույցն այս
փայլուն ու հարթ
իմ ռազմի երազը ամենանոր
նոր արքան իմ
շախմատի արքան է
թող կռվեն այսուհետ միայն նրանք
փայտե թագերով իրենց ծիծաղելի
ու զոհվեն սոսկ փայտե՛ զինվորները
անարյուն թեքվելով կողքի վրա
Գազայում պայթեց ևս մեկ մարդ
իր հետ տանելով ուրիշ տասի
Հալեպը դեռ այրվում է կրակի մեջ
հրշեջը քաշում է զինվորի դին
միակ լավ լուրը Սոչին է
փախուստի վայրը վայելչության
ինձ վախեցնում է ամենից շատ
գեղեցկության դառնալը՝ անկարևոր
հ.գ. մարզիչը սուլում է
ու շարժվում են
երեք աստվածները
օլիմպիական
մեջտեղում նա է՝ հերոսն իմ նոր
կիսամերկ աղջիկն այն չմուշկավոր