ՍՈՆԱ ՎԱՆ. «ԴԺՎԱՐ Է ԻՆՔԴ ՔԵԶ ԿԱՐՈՏԵԼԸ»
Ազգ օրաթերթ 30 հուլիս 2008թ.
Բժիշկ-հոգեբան-գրող Սոնա Վանը պատանեկան տարիքից
ապրում է ԱՄՆ-ում: Իր այցելությունները Հայաստան նա բնորոշում է որպես «ժամանակ առ
ժամանակ վերադարձ հայրական տուն»: Սա այն դեպքն է, երբ հեռավորությունը ոչ թե
օտարում, այլ հարազատ եւ «ուրիշ» է դարձնում հայրենի տունը: Նրա ասելիքի յուրօրինակությունն
ու բազմազանությունը պայմանավորված է գուցե սրանով: Նրբագեղությունը, արտիստիզմն
ու հմայքը տրված են ի վերուստ:
Հայ ընթերցողը ամերիկաբնակ բանաստեղծուհուն
ճանաչում է «Փշրանքներ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում» ժողովածուներով,
մամուլից, հեռուստաելույթներից: Հայաստանում նրա հովանավորությամբ հրատարակվում է
«Նարցիս» մշակութային պարբերականը: Վերջերս սեւակյան օրերի շրջանակում Սոնա Վանը
արժանացավ Արտակ Համբարձումյանի անունը կրող մրցանակին:
- Վերջերս Վրաստանում էիք Ձեր գրքի
թարգմանության առիթով, հայ պոեզիայի երկրորդ փառատոնի շրջանակներում: Պատմեք մի
փոքր այդ մասին:
- Սա իմ երկրորդ այցն էր, երկրորդ փառատոնը,
որին մասնակցեցի ՀԳՄ պատվիրակության կազմում: Նախորդ այցի կապակցությամբ
թարգմանվել էին մի շարք բանաստեղծություններ, իսկ այս անգամ արդեն թարգմանվել էր «Ես
անուն չունեմ» ժողովածուն ամբողջությամբ: Թարգմանության մտահղացումն ու
նախաձեռնությունը բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանինն է: Նա վստահ էր, որ
գիրքը կգտնի իր ընթերցողինՙ ելնելով նախորդ թարգմանությունների արձագանքից: Գիրքը
ընթերցողին է ներկայացրել ՎԳՄ նախագահ, բանաստեղծ Մաղվալա Ջոնաշվիլին, հրաշալի
նախաբանով ու գնահատականի խոսքով: Շնորհանդեսներ եղան Թբիլիսիում, Գորիում եւ
Բաթումում, որտեղ միաժամանակ ներկայացվեց նաեւ ՀԳՄ-ի հրատարակած «Հայ պոեզիայի
անթոլոգիան»ՙ կազմված 38 հայ հեղինակների գործերից: Գիրքն այսուհետեւ կունենա իր
սեփական ճանապարհը:
Ընդհանուր առմամբ, հրաշալի օրեր էին:
Հոգեւոր եղբայրություն է երկու օտարալեզու գրողների բարեկամությունը եւ դրանից է
սկսում աշխարհի խաղաղությունը: Թեկուզ երկու տարբեր կողմեր ենք նայում, բայց
ճակատագրով դատապարտված ենք երկուստեք շահաբեր լուծումներ փնտրելու: Գլոբալիզացիա
կոչվող շիկահեր դեւի միակ սեւեռումը շահն է, իսկ փոքր ազգային պետությունները
համով պատառներ են եւ պարտավոր են առավել շրջահայաց լինել:
- Միահավասարեցման մեր ժամանակներում ո՞րն է
գրականության դերը:
- Համաշխարհայնացումը բնականոն
գիտատեխնիկական էվոլյուցիայի հերթական փուլ է: Պարզապես հարկավոր է ճանաչել էտապի
առանձնահատկությունները, հնարավոր վնասակար ազդեցությունները եւ պայքարել դրանց
դեմ: Դրանցից ամենավտանգավորներն են ես-ի տարրալուծումը եւ փոխարինումը անդեմ կորպորացիայով,
խոսքի երկփեղկվածությունն ու արժեզրկումը: Սահմանների ու պատնեշների վերացումը,
որը գլոբալիզացիայի աշխատաձեւն է, ենթադրում է ինֆորմացիայի հարստության ու
աշխատուժի հոսք դեպի առավել ցածր ճնշման շրջանները, հարստության համահավասարեցում
հաղորդակից խողովակների օրենքով: Պոետի սիրտը չի կարող դեմ լինել այս գործընթացին,
բայց ցավոք այն ընթանում է ոչ թե բնության, խղճի ու բարոյականության օրենքով, այլ
նուրբ ջունգլիների սկզբունքով: Հարուստ տիրությունների ուժի ու ազդեցության ոլորտը
անընդհատ մեծանում է, բայց ցավոք նույն արագությամբ չի մեծանում նրանց խիղճն ու
բարոյականությունը: Գրականությունը միտված պիտի լինի սրան, նոր հերոսը պիտի
կարողանա վեր հանել այսօրվա մարդուն ու այսօրվա մոլորակին հատուկ խնդիրները: Որպես
աստվածային էքսպերիմենտՙ մարդը, ցավոք, հաստատուն գոյություն չէ: Այն փոփոխվող
կամուրջ է բնության եւ հոգու միջեւ, չկողմնորոշված ու երերուն եւ բոլորովին էլ
պարտադիր չէ, որ նա վաղն ավելի լավն է լինելու, քան այսօր: Նրա կյանքը մայր
բնության եւ հայր Աստծո միջեւ ձգվող ժամանակավոր գործարք է, կոմպրոմիս,
քաղքենիական կառույց: Բուրժուան սովորույթի, օրենքի, բնազդի կամ գիտակցության
ուժով փորձում է նավարկել կյանքը, մինչդեռ հանճարը համարձակվում է դիմադրելՙ
ամբողջովին չորդեգրվելով ո՛չ բնությանը եւ ո՛չ էլ հոգուն: Հանճարի գործը ոգեւորում
ու կյանք է տալիս, եթե անգամ այն ամբողջովին տառապանքի մասին է կամ մահվան: Ոչ
միայն գրականությունը, այլեւ յուրաքանչյուր հոգեւոր ճիգ պիտի ուղղված լինի մարդուն
անդիմությունից փրկելու: Այլապես մնացած ամեն բան անիմաստ կլինի: Այս համատեքստում
պոեզիան առավել զորու է, որովհետեւ պոետը ես-ի անունից է խոսում:
- «Նարցիս» պարբերականը այդ առումով ի՞նչ
կոնկրետ միտումներ ունի: Ինչո՞ւ հենց «Նարցիս»:
- Անվան ընտրությունը բացառապես իմն է, միակ
բանը, որ երբեւէ պարտադրել եմ: «Նարցիսը» ըստ Օվիդիոսի, ինքնասիրահարվածությունից
բացի նաեւ ինքնաճանաչման, մետամորֆոզի սիմվոլ է, առանց որի չի կայանում արվեստի ոչ
մի գործ: Ճերմակ թուղթը այն հայելին է, որի վրա գրողը գտնում է իր դեմքը եւ ապրում
իր նարցիսական հարցումը, առանց որի նա չէր ցանկանա այն ներկայացնել մեկ ուրիշի,
հազարներին: «Նարցիսը» նաեւ արձագանքի սիմվոլն է, որը միշտ է զուգորդում արարման
պրոցեսին:
Պարբերականի գլխավոր խմբագիրըՙ Վահան
Վարդանյանը, հայացքի ընդարձակության եւ հոգու ինտուիտիվ արագության աննախադեպ
համադրության տեր մտածող մարդ է, օժտված խոսքի կամերտոնային չափով, զգոնությամբ ու
ճաշակով: Խմբագրության մյուս թեւը բանաստեղծ-թարգմանիչ Շանթ Մկրտչյանն է.
մշակութային երեւույթ, գրական ու ամսագրային երկարատեւ փորձով, բանիմաց ու
խոսքառատ: Այս մթնոլորտը ուսանելի ու կարեւոր կարող է դառնալ նոր գրողի համար:
Ամսագրի ձեւավորողը տաղանդաշատ նկարիչ Կարեն Մկրտչյանն է: Մեր խմբում է նաեւ
երիտասարդ գրաքննադատ Արմեն Ավանեսյանը եւ այլ գործընկերներ:
«Նարցիսի» հիմնական նպատակն է հայ
ժամանակակից գրականությունն ու միտքը ներկայացնել ժամանակակից աշխարհի գրական
մշակութային կոնտեքստում, քանի որ միայն այս ձեւով կարելի է ճիշտ արժեքավորել այն:
Հրաշալի թարգմանչական ու գրաքննական նյութեր են տպագրվում, ոչինչ չի վերատպվում.
ամեն բան արվում է առաջին անգամ եւ բացառապես «Նարցիսի» համար:
«Նարցիսը» իր սիմվոլի պես փորձում է դառնալ
գրական ջրերի այն հայելին, որի մեջ յուրաքանչյուր ընթերցող կկարողանա գտնել իր
դեմքն ու իր հիացումը: Գոնե ես այդպես եմ ցանկանում տեսնել այն, գուցե եւս մեկ
անգամ արդարացնելու համար իմ ընտրությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ