ՉՓՐԿԵՍ ԻՆՁ... ՀՐԵՇՏԱԿ ՏՈՆԱԾԱՌԻ
September 23, 2016 at 3:49 am
Լպրծուն ցեխի մեջ
տարիներիս
անիմաստ`
տեղում պտտվում են
անիվներս
երկու ձեռքով ցնցում-հրում եմ
մարմինս առաջ
ու հայհոյում
այդպես փչացած մեքենան են
հասցնում
լցակայան
ճի՛շտ է...
կյանք արարե՛լ են
կոնքերը այս
մատուցվել են հանց հաց անգամ
երբեմնակի
բայց հիմնականում
խաղարկվե՛լ եմ ընկնավոր
մթության մեջ
ու բացվել գրազի
կրծոսկրի պես
չփրկե՛ս ինձ
մետաղյա հրեշտակ
հոգուս քմա՛յքն է
տառապանքը
բացի այդ դու սո՛ւտ ես
ո՞վ չգիտի
քո նիզակն է միայն
գործածական