ՎԱՐՁՎԱԾ ԾՈՎԱՓՆՅԱ ՍԵՆՅԱԿ
September 23, 2016 at 3:41 am,
No comments
Չեմ սիրում ծովափն այս
պատուհանից
սրթսրթացող սավանը
հյուրանոցի
անկողինս քաշում է ինձ իր մեջ
ինչպես սև խոռոչը
տիեզերքի
չեմ սիրում և ծովափը
այս ժամին
ավազը վերքոտած
կոնքերիս տակ
խռմփոցը ալիքի
տատիկիս պես
որ ուռչում էր երկար մի այտի տակ
ապա ընդհատվում արագ
կարճատև փնչոցով անսպասելի
ծով`
դո՛ւ էլ կին ես հավանաբար
ընդերքդ` հոգնած ընդերքիս պես
լցված սերմերով
բարկությամբ
ու
խորտակված նավերով
երազների