Տե՜ր...
September 23, 2016 at 12:47 am
Տե՜ր...
ինձ էլ քեզ պես պաշտեցին բազումները
լքեցին աստվածներին իրենց
հազարամյա
իմ առջև էլ չոքեցին փակ աչքերով
շատերը
համբուրեցին ոտքերս մինչև աքլորականչ
ընծաներ մատուցեցին
գովերգեցին ի՛նձ էլ
□երկնային ես□
□լո՜ւյս ես□
□ճանապարհն ես կյանքի□
ասին
ուրացան
փորձեցին
կասկածեցին ի՛նձ էլ անհավատներ շատ` կույր
շոշափեցին մաշկս` օդի նման
պատերազմնե՜ր եղան Տե՛ր
իմ անունով նույնպես
կոտրվեցին սրտե՜ր
ոսկրեր փշրվեցին
հետևեցին ի՛նձ էլ
աստվածացրի՜ն
բայց չունեցա ե՛ս էլ քո բախտի պես
մի սրտացավ ընկեր`
երբևիցե
միայն սա չէ...
նաև հոգեբո՛ւժ եմ
ու
դևեր եմ քշում քեզ պես
ամբողջ օրը
ծիծաղելին ինչն է
որ ի՛նձ էլ փարիսեցիք այն նույն
թե` □բժիշկ... նախ քո անձը բուժիր□
խրատում են
ասում էիր չէ՞
□զգուշացիր դպիրներից□
որ
□մարգարեն չի ընդունվում իր քաղաքում□
Տե՜ր...
վաղը գնում եմ հեռու օտարություն
ուրիշ քաղաքներում էլ պետք է
հունարը
իմ
հ.գ. չգիտեմ... ինչո՞ւ եմ ասում Քեզ այս
երևի որ մենակ չզգա՞ս...