Դու այցելում ես ինձ ինչպես գաղտնիք
September 23, 2016 at 12:26 am
Դու այցելում ես ինձ ինչպես գաղտնիք
գիշերաժամի հենց կենտրոնում
երբ անձրևի լացը սովորական
փոխարկվում է լուծվող առեղծվածի
երբ մթությունն ու մենությունս կույր
գումարվում են անգույն ոչնչի հետ
ու դառնում կենտ թիվ՝ չբաժանվող
դու այցելում ես ինձ խավարի մեջ
ինչպես ուրվականը Համլետի հոր
թափանցի՜կ… աննյութ է սրբի նման
մարմինդ ափսո՜ս… թիկնոցիդ տակ
և ստիպված սիրում եմ ես քեզ
անկի՜րք
տարօրինակ ձևով
ինչպես… Աստծուն
դու այցելում ես ինձ անձա՜յն խավարի մեջ
գիշերաժամի հենց կենտրոնում
երբ թափվում են վար աստղերն անփութորեն
հանց թղթե թագերը մեռած արքաների