Քմահաճ էր շարժումս
September 22, 2016 at 11:59 pm
Քմահաճ էր շարժումս
մանկությունից
(ճոճանակ... հեծանիվ... սահնակ...)
տատանվել եմ
գլորվել
սահել
մինչև հասել եմ ամպե
այս սահմանին
ես կտրել եմ ծովերը քայլելով
ու հեծել խելագար հողմին
իմ ձեռքին մի խատուտիկ է սեթևեթ
որ դանդա՜ղ մերկանում է քամու համար
թռչող խալի էր իմ ձին առաջ
հիմա նա ապրում է այս երկնքում
քամին ինձ խաբում է սվսվոցով
կործանվում եմ
ափսո՜ս
ափսո՜ս
մոտեցիր
խլիր ինձ (ի՞նչ ես նայում)
իմ չքնաղ
հրեղեն
ամպե ձի
չե՛մ կտրել ծովերը ես քայլելով
որ մեռնեմ երկնքում`
առանց հետքի