Ահա և գյուղը մեր
September 22, 2016 at 11:58 pm
(Նվիրում եմ Արշիլ Գորկու հիշատակին)
Ահա և գյուղը մեր
թաքուն երկինք նայող
խղճուկ եկեղեցին
ուր ապրել է Աստված
երբ դեռ աղքատ էր շատ
ըստ... տատիկիս
ահա և տատիկիս
տուն-թանգարանը՝
գոմ
նախշուն գոգնոց
կախված
ժանգոտ մեխից
գրպանի մեջ մի ձու
գունաթափված
տա՜տ...
գիտե՞ս որ ես արդեն
այն գինետան մրոտ
ծխնելույզում ապրող
հարբած ագռավն եմ սև
պոե՜տ... աննպատակ
(նպատակը դև է... պարզվեց
գիտե՞ս քանիսները
զոհ գնացին նրան
քեզնից հետո)
տա՜տ...
խառնում է սիրտս
աղքատության հոտից
պիտի գնամ
բայց տե՜ս
վերցընում եմ այս ձուն
երկու ձեռքով
զգո՜ւյշ
ինչպես ֆաբերժեի
թանկարժեք ձուն
ու
խոստանում տանել
... հավերժություն