Երեկ եմ այրել
September 21, 2016 at 2:41 am,
No comments
***
Երեկ եմ այրել
ալբոմներս հին
ու
նորածնի պես
դատարկ են նորից
արխիվները իմ
...տաղտուկ անցյալի
և... ինչի՞ են պետք
մանրամասները
ձանձրալի կյանքի
երբ իրականում
միայն մեռածի լռության
մեջ է
լսելի դառնում
ըղձանքը նրա
թող մանկան նման
գլուխս դնեմ
ծնկներիդ վրա
փակիր աչքերդ
և
նոր կույրի պես
մատներիդ ծայրով
կարդա տող առ տող
ցանկություններս`
շուրթերիս վրա
այրվոդ խնկի պես
անուշ է բուրում
չէ՞... իմ անցյալը
ու գալիս եմ ես
մերկ ու ոտաբաց
ձեռքերս անփույթ
գետնին քսելով
մի ուշացրու... սեր
կորացրո՛ւ գիրկդ
բացված ափի պես
և
ընդունիր իմ
անցյալ չունեցող
մարմինը մանկան
անհամ ու անհոտ
նշխարքի նման
տես... գալիս եմ ես