Սիրո նման (Վերընթերցումների տպավորություններից)
Սոնա Վանի բանաստեղծությունները
Սիրո նման են - պատճառաբանվելու կարիք չունեն: Հաստատված են Հավատի, Հույսի, Սիրո պատգամներ,
լսելի միմիայն հեղինակի ականջին: Պատգամներ, որ չեն պատճառաբանվում: Պատգամներ, որ
հաստատում են մի բան՝ որքան բանաստեղծական է ստեղծագործությունը, եթե հեղինակն, իրո՛ք,
առանձնաշնորհյալ արվեստագետ է:
Այս արական գիրքը
(«Ես ձայն եմ լսում») շա՛տ է հայկական, շատ է ավանդական, շատ է լսելի:
Եվ սակայն, այս արական
գրքի հեղինակ բանաստեղծուհին այնքան համարձակ է, որ մարտահրավերներ է նետում անցյալին
ու ներկային, ձեռնոց՝ ապագային, իսկ որպես էսթետ՝ ամեն տեսակի ու գույնի «իզմերին»
ու ուղղություններին: Ինքն ասում է իր ասելիքը՝ մերթ մեղեդու հնչերանգով, մերթ սաղմոսագրի,
մերթ որպես կարկտահերթ, որ ցնցում է սեփական էությունը: Եվ, ուրեմն, նաև մե՛ր էությունը,
իր ընթերցողի՛:
Եվ որպիսի՜ ազատություն:
Սակայն, իհարկե, ազատությունը
չի, որ «բանտերում է շքեղ ճաճանչում», սակայն արական է իր բնույթով և չի երկնչում
«Սիրո մակույկի պես կենցաղի օվկիանոսում» անհայտանալու վտանգից:
…Այս խոհերի ու արտահայտությունների
հոսքը խորապես վերահսկվում է հեղինակի մտքով և սրտով:
Եվ ուրեմն, խիստ բարոյական
պոեզիա է, հանձնված ոգեշնչման թևերին, որ օր հետ հեռուներ է տանում ստեղծագործության
վերձիգ և վերընթաց մարմինը:
Իր քնարական հերոսը
լավատեղյակ է, բաց նյարդերով է ճանաչել բնության, Ոսկե հատման բարձրագույն օրենքը:
Սրանք մտքեր են, որ
մեզ թելադրում է «Ես ձայն եմ լսում» գրքի բովանդակությունը, որին հասու ես դառնում
վերընթերցումներից հետո միայն՝ պահպանելով առաջին ծանոթության հաճելիության զգացումը:
Հիմա դիմենք իրեն՝ բանաստեղծին.
«Ես հավատացած եմ, որ Աստված կրոնը դիտում է քմծիծաղով, ինչպես կյանքն է դիտում արվեստներին,
որպես անբացատրելին բացատրել ցանկացող, անսահմանին սահմաններ վերագրող ի սկզբանե ձախողման
դատապարտված մանկամիտ փորձարարություն: Այն, ինչ կարելի է վերածել իզմի ու տեսության, ի վերջո կարելի
է և ոչնչացնել…», - ասում է պոետը իր հարցազրույցներից մեկում:
Սոնա Վանը իր սիրո երկինք
հասնում է «Արևից մինչև գինի, վտանգից մինչև փրկություն» ընթացքով: Սա գեղեցիկի՛ ճանապարհն
է, որն անցնում են «ծանր տքնանքով».
Վաղուց ապացուցված
ճշգրիտ գեղեցկություն
դու ցավեցնում ես
տեսողությունս
Որովհետև -
Ե՞ս…
ես, ճանապարհը չեմ
ո՛չ
և ոչ էլ լույսն եմ
ես:
Իսկ ինչպիսի՞ կյանք
կուզենար տեսնել պոետը՝ «…կյանք, որի պոեզիայի ծաղիկը դառնար մանկան օրորոցային, գութանի
ու գողթան երգ, երկնամետ աղոթք ու ողբ, սիրո և խոնարհումի փառաբանություն…»:
Սրանք իր պոեզիայի թեմաներից
են: Սրանք մեր և իր կյանքի թեմաներն են, քմծիծաղո՛ղ կյանքի:
Սոնա Վանի պոեզիան հաստատում
է,
որ մանկության և արվեստի կապը անվիճելի հայտնություն
է,
որ, եթե նույնիսկ Քրիստոսը եղած չլիներ, ինքը
նրան… կհորիներ,
որ աստվածահաճո մարդու «բաղադրատոմսը» միախառնումն
է սիրո, ներողամտության, խոնարհության, կարեկցանքի և արդարամտության,
որ համարձակությունը սրտից հետո գրողի ամենակարևոր
օրգանն է,
որ արվեստագետը՝ կին, թե տղամարդ, զուրկ չպետք
է լինի պատասխանատվության զգացումից, երբ խոսում է համընդհանուրի, իր ցեղի ու սեռի
անունից,
որ արարման մեխանիզմը սիրո է նման,
որ անդունդը շրջանցելու ուրիշ ոչ մի ձև չկա, բացի
թռիչքից…
որ … թվարկելու համար մենագրություն գրելու հարկ
կլիներ: Ամեն դեպքում, վերոհիշյալները պատվիրաններ են Սոնա Վանից իր պոեզիային, կամ
իր պոեզիայից՝ իրեն: Այս դեպքում է, որ պոետը և պոեզիան համաձույլ են, միասնական, մի
ներքին դաշնության մեջ:
Սոնա Վանի հերոսն ամենուր
է.
Իսկ դու ամենուր ես… խենթուկ…
օդի նման
խոտի տերևներում
ավազի մեջ
աստղերի մեջ ես ու աչքերում
տղաների այն
սովորական
Ամենուր է, քանզի «իր
մեջ է տիեզերքը» և «հիմա է պահը, և ժամն է հիմա, քանի ջահել է այս մոլորակը և սիրահարված
պտտվում է դեռ շուրջը արևի…»:
Գայթակղություն ունեմ
ԱՄՆ-ում ապրող բանաստեղծի «Երևանյան էտյուդը» մեջբերել ամբողջությամբ, նույնպես առանց
մեկնաբանության, առանց երևակելու իր ծվարած կարոտը, թախիծը, հայի ներսն ուղղված հայացքը:
Եվ … իր պոետական կառույցը, որ այս տաղանդավոր արտիստի վարպետ կատարումներից է:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՏՅՈՒԴ
Արևածաղիկ
վաճառող մարդը
հայտնության նման
բացեց տոպրակն իր
ու
Բուդդայի պես
պպզեց կողքին…
մի մարդ
փողոցում
հին բարձրախոսով
ազդարարում է
աշխարհի վերջը…
արևածաղիկ վաճառող մարդը
մի պահ կանգնում է…
վերջին բաժակը
զգո՜ւյշ դատարկում
աջ գրպանի մեջ
հետո
խնամքով
կապում է վիզը մաշված տոպրակի
դնում թևի տակ
ու
դանդա՜ղ քայլում
դրախտի կողմը…
Կրկնեմ՝ Սոնա Վանը Հավատի,
Հույսի և Սիրո բանաստեղծ է: Եվ եթե այս երեք պատգամները հերթագայված են այսպես՝ Հավատ,
Հույս, Սեր, ուրեմն վերծանելիքը սա է՝ Հավատը վեմն է և Սերը՝ գագաթը մեր Հավիտենականության
տաճարի: Իսկ Հույսը արմատներից կյանքի հանգեր է արձակում Սիրո երկինք:
Այս եռաստիճան շառայլներում
է թևածում Սոնա Վանի բանաստեղծությունը, և նման է Սիրո:
ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
բանաստեղծ