ՊՈԵԶԻԱՆ ՈՐՊԵՍ «ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱԲԱՐԵԻ ՀԱՎԵՐԺ ՊԱՐՈՒՀԻ»
Ուկրաինացի ընթերցողն արդեն ծանոթ է Սոնա Վանի գերզգայուն պոեզիային, որը հոգու և մարմնի աշխարհընկալման բևեռների միջև է. դեռևս 2009թ. Լվովի «Արծաթե խոսք» հրատարակչությունը լույս էր ընծայել բանաստեղծուհու «Ընտրանին»՝ նորից Անուշավան Մեսրոպյանի՝ ժամանակակից հայ գրականության բանիմաց թարգմանչի շնորհիվ:
«1 500000 հայ նահատակների հիշատակին» իր «լիբրետո»-նվիրումով դառնալով ուկրաինացի ընթերցողին՝ Սոնա Վանը նրան ապշեցնում է (ինչպես նաև զարմացնում ու միաժամանակ խոցում բառիս իսկական իմաստով), իր թեմայի ցավալի արդիականությամբ, այսինքն՝ արտահայտում է մեր ներկայիս չհայտարարված պատերազմի չարագուշակ ու անորոշ իրավիճակը և այն էլ հատկապես հիմա, երբ մեր «անապատում» ապագայի հանդեպ թերահավատության զգացում է, և բանաստեղծի՝ «պատերազմի աստվածուհու»՝ կնոջ կերպարը, ամբողջովին մերկ է ու անզեն. նրա հանդեպ կատարված անարգանքը նրան զրկել է ամենաերանելի՝ կյանք տվող, սնող ու պահպանող մայրական զգացումից: Սա բնավ փոխաբերություն չէ: Կենսագրություն է: Սոնայի հորաքրոջը հարսանիքի նախօրեին այդպես անարգել են թուրք ենիչերիները, որոնք բանաստեղծի քահանա պապին մեղադրում էին «տանը և եկեղեցում զենք ու զինամթերք պահելու համար»: Հեղինակը հորաքրոջ մասին գրում է իր գրքի վերջում՝ «ինքնակենսագրության փոխարեն»: Դեպքը տեղի է ունեցել հայ ժողովրդի հանդեպ թուրքերի գործած եղեռնի տարիներին՝ հենց 1915 թվականին, և եղեռնը Սոնա Վանի գերդաստանի համար անձնական կռիվ է՝ «անմեղության կռիվը՝ գազանի հետ»: Այդ իսկ պատճառով էլ Սոնան իր բանաստեղծությունները գրում է «անապատի համար»՝ իր քնարական «ես»-ի մեջ անձնավորելով «հավերժական սարդի» կերպարը, որ, ձգված «պատուհանի ու էկրանի միջև», գործում է «սնամեջ ժամանակի» փոշեկալված պատմության իր սարդոստայնը, և այն անընդմեջ կրկնվում է, քանի որ «արճիճե գիշերը՝ տաք ահեղ դատաստանի» միշտ և ամենուր այդ նույն անհամբեր սպասման նախաշեմին է: Եվ, իրոք, հատկապես այդպես կարելի է բացատրել նրա քահանա պապի՝«Իմ բաժին եղեռնը ինձ տրվեց փրկության տեսքով» խոսքերը, որ օգնում են կատարելու նրա թոռնուհու՝ «անշարժ հավերժությանը» ուղղված «խնդրանքը».