Գարունը
օծված լրտես
կամուֆլյաժ
բռնակալի պես
անտես մեծացնում է
սահմաններն իր դանդաղ
օրըստօրե
ու
հանկարծ բացվում է
գիշերվա մեջ
մի արնահոտ ծաղիկ`
պատերազմը
մետաղական շախմատ
զրնգոցով
տղաները բախվում են և ընկնում
սահմանը
ասֆալտի վրա է
իսկ հողի տակ
գիրկընդխառն են ոսկորները
թշնամի զինվորների
գարուն է… մկանի հոտ
խրախճանք հավերժական առնետների
որ եղել են մոլորակի սկզբից ու կմնան
մինչդեռ տղաները
դեռ մի քիչ էլ
կշարժվեն հյուսիս հսկա խմբերով
բիզոնների նման ու… կվերանան
ժամանակը վախենում է միայն կրծողներից
SonaVan Official Website 2016-2021©